Արմինֆո. ԵՄ պատվիրակությունն իր գործընկերներին զգուշացնում է չարամիտների կողմից ֆիշինգի սպառնալիքի մասին, նկատի ունենալով, որ նրանք հարձակումների ժամանակ օգտագործել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի տվյալներից: Այդ մասին ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարությունում։
«ԵՄ պատվիրակությունն իր գործընկերներին զգուշացնում է հնարավոր ֆիշինգային հարձակման փորձի մասին, ընդգծելով, որ նրանք կարող են թիրախավորվել, թեև նման միջադեպ նրանց շրջանում չի արձանագրվել։
Ֆիշինգը կիբերհարձակման տեսակ է, երբ հանցագործները փորձում են մոլորության մեջ գցել զոհերին՝ ներկայանալով որպես վստահելի աղբյուր, այս դեպքում՝ ԵՄ դեսպանի անունից փորձելով կորզել զգայուն բնույթի տեղեկատվություն։ ԵՄ պատվիրակությունը որևէ վնաս չի կրել։
Այս տեղեկատվությունը տարածվում է այն բանից հետո, երբ պատվիրակությունը տեղեկացավ մի դեպքի մասին, որում ներգրավված էր երրորդ կողմ», - ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարությունում։
Ապրիլի 8-ին տեղեկատվական անվտանգության փորձագետ, CyberHUB-AM"-ի համահիմնադիր Արթուր Պապյանը հաղորդել էր, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության շուրջ 50 ներկայացուցիչներ դարձել են նպատակաուղղված ֆիշինգային հարձակման թիրախ Signal հավելվածում: Չարամիտները հարձակման ժամանակ օգտագործել են Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսի անունը։