Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու Ադրբեջանի պահանջին:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, մեկնաբանելով ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու Բաքվի պահանջները, հիշեցրել է, որ Երևանը, կարևորելով հումանիտար հարցերի լուծումը, 2021 թվականին միակողմանիորեն Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի 972 գրանցամատյան՝ առանց նախապայմանների։
Նրա խոսքով, ավելին, հավատարիմ մնալով հումանիտար հարցերով համագործակցության սկզբունքներին, Հայաստանը 2024 թվականի սկզբին հարցումների հիման վրա կազմել և Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր գրանցամատյաններ։
"Ադրբեջանը մշտապես կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը, չնայած մեր բազմաթիվ հայտարարություններին, որ ավելի լավ կամ ավելի ճշգրիտ քարտեզներ չկան։ Հայաստանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը։
Կցանկանայինք հավելել, որ ՄԱԿ Միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելու միջնորդությունը, որում Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է ականային գործունեության մեջ", - ընդգծել է Բադալյանը։
Նշենք, որ ադրբեջանական կողմը պարբերաբար Հայաստանից պահանջում է ականապատ դաշտերի քարտեզներ ։ Իսկ Երևանում հայտարարում են, որ Բաքվին են հանձնել այն ամենը, ինչ ունեցել են ։