Արմինֆո. Հարավային Կովկասում բաժանարար գծեր անցկացնելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱԴԱ համալսարանում կայացած համաժողովի ժամանակ:
Նրա ասելով՝ Ադրբեջանի կողմից բազմաթիվ երկրների հետ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրերի ստորագրումը թույլ է տվել նրան կարեւոր դեր խաղալ որպես աշխարհագրական, քաղաքական, տնտեսական եւ տրանսպորտային կամուրջ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի եւ Եվրոպայի միջեւ:
Ալիևը հավելել է, որ Հարավային Կովկասում համագործակցություն հաստատել ցանկացող երկրները հասկանում են, որ իրենց չի հաջողվի շրջանցել Ադրբեջանը: "Թեեւ Եվրոպայում կան նաեւ այնպիսիք, ովքեր կնախընտրեին Ադրբեջանին առանձնացնել ոչ միայն այս գործընթացից, այլեւ բաժանարար գծեր անցկացնել Կովկասում, հատկապես, Հարավային Կովկասում։ Բայց այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվի", - հայտարարել է նա։