Արմինֆո. Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի Է ենթարկվել շտապօգնության բրիգադը: Այդ մասին հաղորդել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին: Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր», - գրել է նախարարը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Ողբերգական միջադեպը Facebook-ի իր էջում մեկնաբանել է նաև Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, ով ներկայացրել է վթարի մանրամասները: «Ապրիլի 8-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց։
Ցավոք, վթարի հետևանքով վարորդի կողքին գտնվող բժիշկը մահացել է։ Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել», - գրել է Կոստանյանը։
Նշենք, որ վերջին շրջանում շտապօգնության մեքենաները դառնում են ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից։ Պատճառն այն է, որ նրանք հաճախ խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները՝ առանց համոզվելու, որ ճանապարհն անվտանգ է։ Հաճախ շտապօգնության մեքենաները, որոնք դուրս են եկել հանդիպակաց գոտի կամ խաչմերուկ, անակնկալի են բերում ճանապարհային երթևեկության կանոններին համապատասխան երթևեկող մեքենաների վարորդներին։