Արմինֆո. Քանի դեռ կա Արցախի ժողովուրդ, որը ձգտում է վերադառնալ իր տուն, Արցախի հարցը մնում է օրակարգում, իսկ արցախահայության իրավունքների պաշտպանությունը մնում է հայ ժողովրդի պարտականությունը: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով Արցախի հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությանը:
«Աշխարհում մի սուբյեկտ կա, որը պարբերաբար հղում է անում 2023-ի սեպտեմբերին Արցախում ստորագրված, օրինական ուժ չունեցող փաստաթղթին. և այդ սուբյեկտն Ադրբեջանի ղեկավարությունը չէ։
Այդ փաստաթղթին հղում են կատարում բացառապես Նիկոլի ռեժիմի ներկայացուցիչները, այս անգամ` ՀՀ ԱԳՆ-ն։
Նման հակահայ և հակապետական հայտարարության նպատակները պարզ են.
-հրապարակային համաձայնել Արցախի հարցը փակված համարելու մասին Ադրբեջանի հերթական պահանջին,
-Արցախի հանձնման և Արցախի հարցի փակման մեղքը Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրել և փորձել այն բարդել բոլոր հնարավոր սուբյեկտների, այդ թվում` մենակ մնացած արցախահայերի և նրանց օրինական ներկայացուցչի վրա։
Անգամ Ալիևն Արցախի օկուպացիայի, Արցախի հարցը վերջնական փակելու հարցերում հղում չի կատարում Արցախի պետական մարմինների լուծարման մասին ապօրինի փաստաթղթին։
Հետևապես, Ալիևի հայաստանյան փաստաբանների ջանքերը խղճուկ են և ապարդյուն։
Պատմությունը սրբագրել չի ստացվի. Փաշինյանի գործողություններն ու հայտարարություններն են ստեղծված իրավիճակի պատճառ դարձել։ Դա պատասխանատվություն է, դրանից խուսափելը` անհնարին:
Ինչ վերաբերում է Արցախի հարցը փակելուն. դա ի զորու չէ անել որևէ մեկը։ Քանի կա Արցախի ժողովուրդը, որն ուզում է վերադառնալ իր տուն, կա նաև Արցախի հարցը, իսկ արցախահայերի իրավունքների պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է», - գրել է Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի իր պաշտոնակից Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ամփոփիչ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ "բանակցությունների գլխավոր խոչընդոտը մինչև 2024 թվականի հունվարը խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը ներառելու Հայաստանի ձգտումն էր ":
Հայաստանի ԱԳՆ-ում, ի պատասխան այդ խոսքերը մեկնաբանելու "Ազատություն" ռադիոկայանի հարցմանը, հայտարարել են. «Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»: