Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ ոչ այնքան խաղաղության հասնելու, որքան Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու հիմք ստեղծելու համար: Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրել է "ժողովրդավարական այընտրանք" կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները փորձ են անում խաղաղության համաձայնագրում Արցախի կործանման և Լեռնային Ղարաբաղի հարցի անտեսման համար պատասխանատվությունը բարդել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության վրա: Որպես ապացույց՝ քաղաքական գործիչը մեջբերել է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որում նշվում էր, որ "Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններում աշխատել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության եւ իրավունքների ապահովման ուղղությամբ, ներառյալ այդ հարցերի լուծման միջազգային մեխանիզմի ստեղծումը: Նույն նպատակը հետապնդվել է նաև երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման ընթացքում, որոնք մերժվել են Լեռնային Ղարաբաղի կողմից": " Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից ", - նշել են Հայաստանի ԱԳՆ-ում:
Մինչդեռ, ինչպես կարծում է Սուրեն Սուրենյանցը, ԱԳՆ-ի այդ հայտարարությունը, որը սեփական քաղաքականության տապալման մեղքը այլոց վրա բարդելու՝ Փաշինյանին բնորոշ ձև է, մանիպուլյատիվ բնույթ է կրում։ "Իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը՝ որպես հակամարտություն, Նիկոլ Փաշինյանի կողմից փակվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում քառակողմ հայտարարության շրջանակում նա Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես միասնական Ադրբեջանի մաս: Հենց այդ հայտարարության արդյունքում Լեռնային Ղարաբաղի հարցը հանվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից", - ընդգծել է քաղաքական գործիչը։