Արմինֆո. Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը դավաճանական և ապազգային է որակել Արցախի հարցով ՀՀ ԱԳՆ արձագանքը:
"ԱԳՆ-ի այդ արձագանքը դժվար է բնութագրել այլ կերպ, քան՝ դավաճանական և ապազգային",-գրել է Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում:
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն "Ազատություն" ռադիոկայանի հարցմանն ի պատասխան հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ է տարել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։
«Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», - հայտարարել են Հայաստանի ԱԳՆ-ում: