Արմինֆո. Ֆրանսիայի "Տոբոգան" թատրոնում (ք. Դեսին - Շարպիե) տեղի է ունեցել «Մանուշյան. այս հետկեսօրեին, ժամը 15.00-ին» ներկայացման ցուցադրությունը: Պիեսը հիմնված է ֆրանսիացի ոստիկանների կողմից Միսաք Մանուշյանի և Ֆրանսիական դիմադրության մյուս մասնակիցների ՝ Մարսել Ռայմանի, Ժոզեֆ Դավիդովիչի, Սպարտակո Ֆոնտանոյի և Օլգա Բանչիկի հարցաքննության պատմության վրա։
Պիեսի հեղինակը Շոշանա Բուխոբզան է, իսկ բեմադրող ռեժիսորը՝ Սաթե Խաչատրյանը (Sate-Atre ֆրանսիական թատերական միություն):
Հաջորդ ներկայացումը տեղի կունենա Ֆրանսիայի Վիշի քաղաքի թատրոնում: Հայաստանում ցանկացողները «Մանուշյան. այս հետկեսօրեին, ժամը 15.00-ին» ներկայացումը կարող են դիտել ապրիլի 11-ին և 25-ին՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում:
Հիշեցնենք, որ պիեսն առաջին անգամ Հայաստանում ներկայացվել է մարտի 14-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակում՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում:
Նշենք, որ պիեսի վերնագիրը պատահական չի ընտրվել. կեսօրից հետո ՝ ժամը 15:00 - ին, Միսաք Մանուշյանին և նրա զինակիցներին գնդակահարել են: Այդ մասին հանրությանը հայտնի է մահվանից առաջ Մանուշյանի՝ կնոջը՝ Մելինեին գրած նամակից։
Հիշեցնենք, որ Միսաք Մանուշյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների դեմ ֆրանսիական զինված դիմադրության առաջնորդն էր: Նա գլխավորել է "Ազատ հրձիգների եւ ֆրանսիացի պարտիզանների" ՝ դիմադրության հատվածներից մեկը, որը, հիմնականում, բաղկացած է Հունգարիայից, Ռումինիայից և Լեհաստանից ներգաղթյալներից:
Մահուշյանը հետմահու արժանացել է "Պատվո լեգեոնի" շքանշանի ։ Նրա անունով (ինչպես նաև "Մանուշյանի խմբի" անունով) կոչվել են փողոցներ, հրապարակներ Փարիզում, Վալանսում, Մարսելում, Գարդանում և այլն, նաև՝ Երևանում: Մանուշյանի մասին գրել են Պոլ Էլյուարը, Լուի Արագոնը, Լեո Ֆեռեն, ինչպես նաև Շառլ Ազնավուրը, ում ընտանիքն օգնել է նրան թաքնվել նացիստներից: