Արմինֆո. Չնայած Իրանի հասցեին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ռազմատենչ հռետորաբանությանը՝ այժմ հազիվ թե կարելի է ակնկալել իրական ռազմական գործողություններ երկրների միջև: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ Երևանում "Հայք-Իրան. հազարամյա հարևանություն" միջազգային խորհրդաժողովում լրագրողների հետ զրույցում։
Փորձագետը նշել է Հարավային Կովկասում չափազանց բարդ իրադրությունը, ինչն, իր հերթին, անդրադառնում է Իրանի վրա: Իսկանդարյանի խոսքով՝ տարածաշրջանի կոնֆիգուրացիան փոփոխությունների է ենթարկվում, ուժեղանում է Թուրքիայի դերը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև՝ Մերձավոր Արևելքում: Քաղաքագետը նաև նշել է, որ հետաքրքիր դինամիկա է դիտվում Միջերկրական ծովի հարավում, մասնավորապես, իսրայելասիրիական և իսրայելալիբանանյան սահմաններին:
"Այս պայմաններում Իրանի համար, առնվազն, կարևոր է չկորցնել իր շուրջ դիրքերը, և դրանով է, հավանաբար, բացատրվում նրա վարած քաղաքականությունը։ Ակնհայտ է, որ Իրանը ձգտում է հարաբերությունները պահպանել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Դա նորություն չէ. այդ երկրները շատ տարբեր հարաբերություններ ունեն Իրանի հետ, սակայն երկու երկրներն էլ նրա համար կարեւորություն ունեն", - ընդգծել է Իսկանդարյանը։
Բացի այդ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ, չնայած Իրանի և Թուրքիայի միջև պատմական հավասարակշռությանը, որը գոյություն ունի արդեն հարյուրամյակներ, ներկայումս թուրքական ազդեցությունը շարունակում է մեծանալ: Քաղաքագետը, միևնույն ժամանակ, հստակեցրել է, որ իրադարձությունների զարգացումը կախված է բազմաթիվ գործոններից, ներառյալ Ուկրաինայի շուրջ պատերազմի ազդեցությունը և Միացյալ Նահանգների դիրքորոշումը: Այդ առնչությամբ նա ուշադրություն է հրավիրել Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությանը և նրա հնչեցրած սպառնալիքներին: "Սակայն, չեմ կարծում, որ այդ հայտարարությունները կհանգեցնեն իրական ռազմական գործողությունների", - ասել է Իսկանդարյանը: