Արմինֆո. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն ուղերձներ են փոխանակել:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Արարատ Միրզոյանի ուղերձում ասվում է. «Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ:
Այս համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում, շնորհիվ համատեղ կառուցողական և արդյունավետ աշխատանքի, Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններն ամրապնդվել և ընդլայնվել են՝ հիմնվելով մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:
Միջազգային հարաբերությունների փոփոխվող ճարտարապետության ժամանակակից պայմաններում կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը՝ հիմնվելով մեր պետությունների շահերի վրա և ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդների։
Մենք որպես ուղենիշ ունենք քաղաքական, սոցիալ-տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը և նպատակ ունենք շարունակել ու ընդլայնել բովանդակալից, մեր երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսությունը։
Ցանկանում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ բոլոր աշխատակիցներին ամուր առողջություն, անսպառ էներգիա և հետագա հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ը, Լավրովի ուղերձում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը սկիզբ դրեց Մոսկվայի և Երևանի երկկողմ կապերի արդի փուլին:
"Հենվելով հոգևոր-բարոյական արժեքների ընդհանրության, միջճյուղային և հումանիտար շփումների ավանդական ամրության վրա՝ Ռուսաստանն ու Հայաստանը մշակել են ամուր իրավապայմանագրային բազա, կառուցել են բազմակողմ, իրավահավասար, փոխշահավետ հարաբերություններ։
Չնայած ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները սասանելու արտաքին փորձերին՝ մեզ հաջողվում է պահպանել քաղաքական երկխոսության և արտաքին քաղաքական համակարգման բարձր մակարդակ, ավելացնել առևտրատնտեսական կոոպերացիան ինչպես երկկողմ, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն տարածքի ձևաչափով։ Պատրաստ ենք շարունակել համատեղ աշխատանքը ՝ գործընկերության արդյունավետության հետագա խորացման և կատարելագործման նպատակով՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների, ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման: Եղբայրական հայ ժողովրդին մաղթում եմ բարգավաճում", - ասված է Լավրովի ուղերձում: