Արմինֆո. Միգրանտների երեխաներին Ռուսաստանի դպրոցներում ընդգրկելու նոր կանոնները կարող են հանգեցնել նրանց կրթություն ստանալու հնարավորությունից զրկելուն։ Այդ մասին ապրիլի 2-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է "Հայկական Կարիտաս" կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը։
Ինչպես պարզաբանել է փորձագետը, ապրիլի 1-ից ուժի մեջ են մտել փոփոխություններ, որոնց համաձայն, միգրանտների երեխաները, որոնք ցանկանում են հաճախել Ռուսաստանի դպրոցներ, պարտավոր են ռուսաց լեզվի իմացության ատեստավորում անցնել: Հակառակ դեպքում, ըստ Բեժանյանի, նրանք չեն կարողանա շարունակել ուսումը։ Փորձագետն ընդգծել է, որ այդ կանոնը վերաբերում է միայն օտարերկրացիների երեխաներին, քանի որ այն դեպքում, երբ երեխան ունի երկքաղաքացիություն, նա արդեն համարվում է Ռուսաստանի քաղաքացի և, հետևաբար, ենթակա չէ ատեստավորման:
"Փետրվարի 5-ից սկսվել են Ռուսաստանի տարածքում միգրանտների երեխաների գտնվելու օրինականության ստուգումներ։ Ապրիլի 1-ից այդ ստուգումներն ավելի խիստ կլինեն և կանցկացվեն երկրի բոլոր դպրոցներում: Երեխաների գրանցման հետ կապված խնդիրների հայտնաբերման դեպքում, օրինակ, եթե այն անվավեր է կամ դրա գործողության ժամկետը լրացել է, հետեւանքները կկրեն ոչ միայն երեխաները, այլեւ նրանց ծնողները, նույնիսկ, այն դեպքում, եթե ծնողը օրինական հիմքերով գտնվում է Ռուսաստանում", - պարզաբանել է Բեժանյանը։ Նրա խոսքով՝ այդ իրավիճակում կարող է կասկածի տակ դրվել նաև ծնողի ՝ Ռուսաստանում գտնվելու օրինականությունը։
Անդրադառնալով ծնողներին ուղղված հանձնարարականներին՝ Բեժանյանն ընդգծել է, որ չի կարելի ոչ մի դեպքում փորձել կեղծ փաստաթղթերով գրանցել երեխաներին: Նրա խոսքով՝ դա կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության կամ արտաքսման։ Այս կապակցությամբ փորձագետը ծնողներին կոչ է արել Ռուսաստան մեկնելուց առաջ երեխաների համար ռուսաց լեզվի դասընթացներ ապահովել, քանի որ թեստը հաջող հանձնելու համար անհրաժեշտ է հարցերի 90% - ին ճիշտ պատասխանել:
"Արդեն նշանակված են վայրերը և հանձնաժողովները, որոնք այդ քննությունները կընդունեն երեխաներից։ Առանց թեստը հաջող հանձնելու նրանք չեն կարող սովորել Ռուսաստանի տարածքում", - հավելել է Բեժանյանը։
Անդրադառնալով այն երեխաներին, որոնք արդեն սովորում են ռուսական դպրոցներում, աշխատանքային միգրացիայի հարցերով փորձագետը նշել է, որ դեռևս հստակ տեղեկատվություն չկա, թե նոր կանոններն ինչպես կազդեն նրանց վրա: Սակայն նա ընդգծել է, որ բոլոր աշակերտների փաստաթղթերը կստուգվեն ։
"Մենք արդեն ունեցել ենք դեպքեր, երբ դպրոցներում ստուգումների ընթացքում երեխան չի ունեցել միգրացիոն հաշվառում, այսինքն ՝ գրանցում, կամ փաստաթղթերը կեղծ են եղել ։ Նման դեպքերում երեխաներին ծնողների հետ ուղարկել են օտարերկրյա քաղաքացիների պահման վայրեր, որտեղից նրանց արդեն արտաքսել են, չնայած այն բանին, որ Ռուսաստանի օրենքով երեխաներին իրավունք չունեն այդ հաստատություն ուղարկել", - նշել է փորձագետը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարելի է օրինական հիմունքներով երկարաձգել ՌԴ տարածքում գտնվելը, Բեժանյանը հստակեցրել է, որ եթե ընտանիքում մեկ անդամ աշխատանքային միգրանտ է, ապա նա կարող է աշխատանքային պայմանագիր կնքել և դրա ժամկետների շրջանակներում երկարաձգել, օրինակ, իր կնոջ և երեխաների գտնվելու ժամկետը: Ընդ որում, աշխատանքային միգրացիայի գծով փորձագետը նշել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պայմանագրում աշխատավարձի տողին, որտեղ նշվում է ապրուստի արժեքը ՝ բազմապատկած ընտանիքի անդամների քանակով: Ինչպես պարզաբանել է Բեժանյանը, դա անհրաժեշտ է, որպեսզի անձը հնարավորություն ունենա երկարաձգել ընտանիքի անդամների գրանցումը։
Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանում օտարերկրացիների շուրջ 387 000 անչափահաս երեխա կա։ Նա նշել է, որ Ռուսաստանի տարածքի համար դա այնքան էլ մեծ թիվ չէ, որը կարող է խանգարել այլ երեխաների ուսուցման գործընթացին, նույնիսկ, եթե յուրաքանչյուր դասարանում կա մի քանի երեխա, որոնք լավ ռուսերեն չգիտեն:
"Դա, հաստատ, կհանգեցնի այն բանին, որ կլինեն երեխաներ, որոնք կմնան առանց սովորելու հնարավորության, քանի որ այն շեմը, որը սահմանվել է, կարող է հանգեցնել այն բանին, որ երեխաները չկարողանան անցնել այն ։ Ընդ որում, այդ շեմը չեն կարող անցնել ոչ միայն հայ երեխաները, այլեւ այլ երկրներից Ռուսաստան ժամանող երեխաները", - ամփոփել է Բեժանյանը ։