Արմինֆո. 147 պետությունների շարքում Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում զբաղեցրել է 8-րդ տեղը: Այդ մասին հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն՝ վկայակոչելով Numbeo 2025 գլոբալ տվյալների բազան։
Նշենք, որ Հայաստանը վարկանշային աղյուսակում տեղ է գտել Հոնկոնգի և Սինգապուրի միջև։ Անվտանգ երկրների առաջատար եռյակում են Անդորան, ԱՄԷ-ն և Կատարը: Առավել անապահով են Վենեսուելան, Պապուա Նոր Գվինեան և Հաիթին:
Numbeo վարկանիշում ԵԱՏՄ երկրներից Հայաստանը ետևում է թողել Ռուսաստանին՝ 51-րդ, Ղազախստանին՝ 71-րդ, Բելառուսին՝ 91-րդ, և Ղրղզստանին՝ 109-րդ տեղում։
Հարևան պետությունների պարագայում պատկերը հետևյալն է. Վրաստանը 21-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 34 - րդ, Թուրքիան ՝ 57-րդ, Իրանը՝ 93 - րդ:
Հիշեցնենք, որ 2024 թվականին ևս Հայաստանը զբաղեցրել էր 8-րդ, 2023 թվականին՝ 7 - րդ հորիզոնականը ։
Նշենք, որ Numbeo-ն աշխարհի խոշորագույն տվյալների բազաներից մեկն է՝ կյանքի արժեքի և որակի մասին։ Ռեսուրսի հիմնադիրը Մլադեն Ադամովիչն է։ Ուսումնասիրությունը պատրաստելու համար օգտագործվում են որոշ պաշտոնական աղբյուրներ, բայց դրանք, սովորաբար, կառավարական աղբյուրներ չեն: Բացի այդ, հարթակը հարցումներ է անցկացնում նաև հանցավորության, աղտոտվածության, խցանումների, առողջապահության և այլ հարցերի մասով: