Արմինֆո. Որքան էլ տարբեր պաշտոնյաներ փորձում էին անուղղակի համոզել, որ անհետ կորած մեր հայրենակիցների փնտրտուքի կամ ճակատագրերի պարզելու վերաբերյալ որոշակի աշխատանք է տարվում, այնուամենայնիվ առկա իրողություններն ու հարցուպատասխանը ճիշտ հակառակի մասին են խոսում: ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այդպես է մեկնաբանել նախօրեին երկրի օրենսդիր մարմնում անհետ կորածների հարազատների հետ հանդիպումը։
«Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց անհետ կորած մեր հայրենակիցների հարազատների հետ 5.5 ժամ տևած փակ լսումները, որին մասնակցում էին ուժային կառույցների ղեկավարներ, նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Որքան էլ տարբեր պաշտոնյաներ փորձում էին անուղղակի համոզել, որ անհետ կորած մեր հայրենակիցների փնտրտուքի կամ ճակատագրերի պարզելու վերաբերյալ որոշակի աշխատանք է տարվում, այնուամենայնիվ առկա իրողություններն ու հարցուպատասխանը ճիշտ հակառակի մասին են խոսում:
Թեև անհետ կորած մեր քաղաքացիների հարազատները բազմաթիվ հարցադրումներ անելու և մեկնաբանություններ հնչեցնելու առիթներ ունեցան, սակայն իմ տպավորությամբ, իրավասու պաշտոնյաները ավելի շատ գործի իմիտացիա էին ներկայացնում, քան բավարարում իրենց ուղղված օբյեկտիվ պահանջները:
Ընդհանուր մթնոլորտը հասկանալիորեն էմոցիոնալ էր, որովհետև անհնար է սառնասրտորեն վերաբերել երկրի պաշտպանության մեկնած և սեփական օջախներ չվերադարձած անձանց շուրջ ստեղծված անորոշությանը և նրանց հարազատների ծանր ապրումներին», - գրել է պատգամավորը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Երեկ սոցիալական ցանցերի հայկական հատվածում տարածվել էին անհետ կորած անձանց ծնողների և ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի միջեւ քաշքշուկի տեսանյութեր: Ավելին, լրատվամիջոցները գրում են, որ ծնողները պահանջել են հանդիպման հրավիրել առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանին, ով, ըստ նրանց գնահատականների, պատշաճ չի կատարել իրեն վերապահված գործառույթները։ Նշվում է, որ հանդիպման մասնակիցները դժգոհ են մնացել դրա արդյունքից։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերջին տվյալների համաձայն ՝ 2024 թվականի օգոստոսի դրությամբ հայկական կողմից անհետ կորած է համարվում շուրջ 1000 անձ, ընդ որում, շուրջ 300 մարդ սկսել է այդպիսին համարվել 2020 թվականի աշնանից մինչև 2023 թվականի աշուն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին սրացումից հետո։ Ընդ որում, բոլոր տվյալները ԿԽՄԿ-ն հավաքել է անհետ կորածների հարազատների դիմումների հիման վրա։
ԿԽՄԿ-ից նաև հաղորդել են, որ այդ 300 անձանց թվում կան մի քանի տասնյակ դիմումներ, որոնք վերաբերում են այն դեպքերին, երբ ընտանիքը չի համաձայնել պետության ներկայացրած ԴՆԹ տվյալների հետ: