Արմինֆո. Մոսկվայում "Դիալոգ" մատենաշարի շրջանակներում լույս է տեսել Գևորգ Մինասյանի և Անժելա Սիմոնյանի «Հաքան Ֆիդան․ուրվագծեր Թուրքիայի ապագա հավանական նախագահի կերպարին» գիրքը: Իրենց աշխատանքում հեղինակները փորձել են բացահայտել հեռանկարային թուրք քաղաքական գործիչ Հաքան Ֆիդանի "անձի կոդը", ինչը մեծ հետաքրքրություն է ներկայացնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջազգային հարաբերությունները, դիվանագիտությունն ու անվտանգությունը:
Ինչպես հաղորդում է "Դիալոգ" հասարակական կազմակերպության մամլո ծառայությունը, այդ մատենաշարի հիմնադիրն ու հովանավորը հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանն է:
Գիրքը գրվել է Թուրքիայի առաջատար հետախուզական ծառայության՝ MIT-ի նախկին ղեկավար և երկրի ներկայիս արտգործնախարար Հաքան Ֆիդանի մասին բաց աղբյուրներից ստացված նյութերի հիման վրա: Հրապարակումը ներկայացնում է նրա կյանքի և մասնագիտական ուղին: Գրքում որպես հավելված ներկայացված է նաև Հաքան Ֆիդանի մագիստրոսական ատենախոսությունը՝ նվիրված Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի հետախուզական համակարգերի համեմատական վերլուծությանը: Գրքի համահեղինակ Գևորգ Մինասյանը Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի գնդապետ է, 1996-2022 թվականներին տարբեր օպերատիվ և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել տվյալ կառույցում: Եղել է Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչը ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնում։
Գրքի մյուս համահեղինակ Անժելա Սիմոնյանը թուրքագետ է, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ։ Զբաղվում է Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի ուսումնասիրությամբ։
«Հաքան Ֆիդան․ ուրվագծեր Թուրքիայի ապագա հավանական նախագահի կերպարին» գրքի առաջաբանը գրել է գնդապետ, անվտանգության մարմինների վետերան, Թուրքիայի հարցերով փորձագետ Ալեքսանդր Պոլտավսկին։
Գրքում զետեղված են նաև ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության պաշտոնաթող գնդապետ, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Անդրեյ Բեզրուկովի և քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սվարանցի գրախոսականները։
Նշվում է, որ ապրիլի 21-ին «Դիալոգ» կազմակերպությունը Մոսկվայում անց է կացնելու գրքի շնորհանդեսը՝ հայկական և ռուսական գիտական, քաղաքագիտական և հասարակական շրջանակների մասնակցությամբ։