Արմինֆո. "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության՝ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը վստահեցնում է, որ քաղաքի զարգացման և բարեկարգման բոլոր ծրագրերը շարունակվելու են:
«Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ քվեի, յուրաքանչյուրիդ վստահության և պատվախնդրության համար: Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, պարտադրանքը, խաբեությունը, ցինիզմն ու սուտը:
Սիրելի՛ գյումրեցիներ, պարտավորված ենք ձեր վստահության համար, որն ի ցույց եք դրել ապահովելով կրկնակի քվեներ` ի համեմատություն շեմը հաղթահարած 2-րդ ուժի: Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին: Շարունակելու ենք Գյումրու զարգացման և շենացման մեր բոլոր ծրագրերը», - գրել է Սարիկ Մինասյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Մինչդեռ, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահե Ղալումյանը կարծում է, որ այս պահին կուսակցությունը չի կարող միանձնյա իշխանություն ձևավորել Գյումրիում: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է սպասել ընտրությունների վերջնական արդյունքներին, որից հետո համապատասխան եզրակացություններ անել: "Գյումրիում կայացած ավագանու ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ մեր թեկնածու Սարիկ Մինասյանը, ով երկու ամիս աշխատել է որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ստացել է կրկնակի շատ ձայն, քան 10 տարի Գյումրին ղեկավարած թեկնածու Վարդան Ղուկասյանը", - ասել է Ղալումյանը:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում տեղի են ունեցել ավագանու ընտրություններ: Ժամը 08.00-ի դրությամբ ԿԸՀ-ն հրապարակել է 82 ընտրատեղամասերից 81-ի տվյալները: Ըստ այդ տվյալների ՝ առաջատարը "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն է (քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյան)՝ 36,80 տոկոս արդյունքով (16 938 ձայն)։ Երկրորդ տեղում է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան), ում օգտին քվեարկել է ընտրողների 20,71 տոկոսը (9 537): Երրորդ տեղում է "Մեր քաղաքը" դաշինքը (ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյան)՝ 15,85 տոկոս արդյունքով (7 296) ։ "Իմ հզոր համայնք" կուսակցությունն (Ռուբեն Մխիթարյան) ստացել է ընտրողների ձայների՝ 7,94% (3 659), "Մայր Հայաստան" դաշինքը (Կարեն Սիմոնյան)՝ 6,18% (2 844):