Արմինֆո. Ձերբակալվել է Գյումրու ավագանու թեկնածու Կարեն Գրիգորյանը: Այդ մասին սոցցանցի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձերբակալվել են Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին, նրանց մեղադրում են "խճի" գործով: Մինչդեռ, Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մնացել է երեք օր։
Միեւնույն ժամանակ, "Քաղաքացիական պայմանագրի" ներկայացուցիչները՝ ի դեմս Շիրակի մարզպետի և, համատեղության կարգով, ՔՊ-ի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Առուշանյանի և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, հրավիրել են "հրատապ ասուլիս" ՝ կապված վերջին օրերին արձանագրված մտահոգիչ դեպքերի, մասնավորապես, քաղաքացիների ազատ կամարտահայտությանը խոչընդոտելու դեպքերի, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած հաղորդագրության հետ, որում խոսվում է նախընտրական շրջանում ընտրակաշառք բաժանելու հետ կապված հանցագործության մասին: Ինչպես հայտարարել են բանախոսները, գործող իշխանությունը թույլ չի տա հերթական միջամտություն նախընտրական գործընթացին, ընտրողի իրավունքի խախտում, եւ " չի լինելու վերադարձ անցյալին, երբ հարցերը լուծվում էին 5 կամ 10 հազար դրամով":
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթներ է նախաձեռնել ընտրակաշառք տալու և ստանալու, ինչպես նաև ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման հատկանիշներով:
Այսօր ավելի վաղ "Մայր Հայաստան" դաշինքի Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը հաղորդել էր, որ "Մայր Հայաստան" դաշինքի Գյումրիի գրասենյակում խուզարկություններ են ընթանում: Այնուհետև դաշինքի ներկայացուցիչ Էմմա Գրիգորյանին Գյումրիից տեղափոխել են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Ինչպես սոցցանցում հաղորդել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը, ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներից իրեն հայտնի է դարձել, որ Հակակոռուպցիոն կոմիտեում առանց իր մասնակցության հարցաքննվում է Գրիգորյանը, և նա, իբր, հրաժարվել է փաստաբանի օգնությունից:
"Մայր Հայաստան" դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանի խոսքով ՝ իշխանությունն իրենց համար խոչընդոտներ է հարուցում Գյումրիի ընտրություններին ընդառաջ: Նրա կարծիքով ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ չի կարող Գյումրիում պահել իշխանությունը, դրա համար էլ նման քայլերի է գնում։