Արմինֆո. Ղազախստանը ողջունում է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի և միջպետական հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունների ավարտը: Այդ մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:
Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Տոկաևը նշել է, որ անցած տարի նախագահների փոխայցելությունները լուրջ խթան են հաղորդել հայ-ղազախական հարաբերությունների համակողմանի զարգացմանը:
"Ձեր առաջին պաշտոնական այցն Աստանա կարևոր նշանակություն ունի մեր գործընկերությունն առաջ մղելու տեսանկյունից։ Մենք մեծ համակրանքով ենք վերաբերվում հայ ժողովրդին, ձեր պետությանը", - ընդգծել Է Ղազախստանի նախագահը։
Տոկաևը նշել է, որ Ղազախստանը ողջունում է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի և միջպետական հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունների ավարտը: Նրա կարծիքով, այդ նշանակալի իրադարձությունը կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման նախանշանը և կնպաստի տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը և համագործակցության ակտիվ զարգացմանը՝ ինչպես Ղազախստանի, այնպես էլ Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների հետ:
Իր հերթին՝ հայ դիվանագետը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար: "Մենք մեծապես կիսում ենք մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության ձեր տեսլականը", - ասել է Միրզոյանը:
Նա տեղեկացրել է, որ Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունները և այլ գերատեսչություններ աշխատում են անցյալ տարի Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտային - լոգիստիկ և մշակութային-հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Ղազախստանի նախագահը հայտարարել է հայրենական բիզնեսի պատրաստակամության մասին՝ 350 մլն դոլարով ավելացնելու ապրանքների մատակարարումը Հայաստան ։