Արմինֆո. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:
Ստացված տվյալների համաձայն, ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռք բերման համար գումար խոստանալու մասին:
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Քրեական ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հետ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու և դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ: Գերատեսչությունը հրապարակել է նաև զրույցի ձայնագրությունը։
Այսօր ավելի վաղ "Մայր Հայաստան" դաշինքի Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը հաղորդել էր, որ "Մայր Հայաստան" դածիինքի Գյումրիի գրասենյակում խուզարկություններ են ընթանում: Այնուհետև հայտնի դարձավ, որ "Մայր Հայաստան" դաշինքի ներկայացուցիչ Էմմա Գրիգորյանին Գյումրիից տեղափոխել են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Ինչպես հայտարարել է դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, իշխանությունն իրենց համար խոչընդոտներ է հարուցում Գյումրիի ընտրությունների նախաշեմին։ Նրա կարծիքով ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ չի կարողանա Գյումրիում պահել իշխանությունը, դրա համար էլ նման քայլերի է գնում։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում պետք է անցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ: