Արմինֆո. Հայաստանի կողմից, իբր, հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարությունները դրական ազդեցություն չեն ունենում երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: Այդ մասին մարտի 27-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նրա խոսքով՝ պաշտոնական Երեւանն արդեն հանդես է եկել խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի եւ ժամկետների շուրջ Բաքվի հետ բանակցելու պատրաստակամության մասին հաղորդագրությամբ: Հայկական կողմն այս պահի դրությամբ սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Հայաստանը կարևորում է փաստաթղթի ստորագրումը և որևէ խոչընդոտ չի տեսնում այդ հարցի լուծման համար։ "Այս խնդրի լուծումը չափազանց կարևոր է, այդ թվում՝ նաև միջազգային կառույցների և աշխարհի տարբեր պետությունների կողմից փաստաթղթի ստորագրմանը վերաբերող ուղերձների ֆոնին", - ասել է Կոստանյանը:
Նա հավելել է, որ դժվար է իրավական գործընթացներ անվանել Բաքվում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց նկատմամբ դատավարությունները: "Հայաստանն ու միջազգային հանրությունը կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել այդ գործընթացները և ազատ արձակել նրանց։ Այս ֆոնին Ադրբեջանը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք որևէ առնչություն չունեն խաղաղության գործընթացի հետ",- ընդգծել է Կոստանյանը։