Արմինֆո. Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը:
ԱԺ հաղորդագրության համաձայն, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի տեղեկացմամբ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված հնարավորության իրականացմամբ քաղաքացիական նախաձռնությամբ ներկայացվել է օրենքի նախագիծ: Օրենքի կարգի պահպանմամբ Հայաստանի 1000-ից ավելի համայնքներից ընդամենը 44-ում օրենքով նախատեսված ժամկետի կեսում հավաքվել է օրենքով սահմանված նվազագույն ստորագրությունների կրկնապատիկը:
«Նաեւ հասարակակական հարցումները վկայում են այն մասին, որ ժողովուրդը հակված է, որպեսզի Հայաստանն անդամակցի Եվրոպական միությանը: Ներկայացրել ենք օրենքի նախագիծ, որն առաջին ընթերցմամբ քննարկվել է»,- ընդգծել է զեկուցողը:
Արտակ Զեյնալյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում ընդունվել է փոխադարձ ընդունելի տարբերակ: Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, ինչի արդյունքում նախաձեռնող խումբն ընդունել է կառավարության առաջարկը եւ վերաշարադրել նախաձեռնությունը:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն էլ ներկայացրել է կառավարության դրական կարծիքը նախաձեռնության լրամշակված տարբերակի վերաբերյալ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը չի մասնակցելու նախաձեռնության քվեարկությանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու քննարկվող նախաձեռնությանը: