Արմինֆո. Հայաստանյան իշխանության քաղաքական վարքագիծն Ադրբեջանին նոր արկածախնդրության է մղում: Նման կարծիք է հայտնել "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հաճախակի դարձած կրակոցներին:
«Եթե մի երկրում առաջին դեմքերի մակարդակով անընդհատ Ադրբեջանին հավաստիացնում են, որ օկուպացված, խլված տարածքները ռազմական ճանապարհով հետ բերելու նպատակ չունեն, բնական է, որ Ադրբեջանը կկրակի էլ, ագրեսիայի էլ կդիմի, նոր տարածքներ էլ կխլի:
Ու սրանք ինքնիշխանությունից ու տարածքային ամբողջականությունից ամենօրյա ռեժիմով գոռացողներն են:
Որևէ մեկը իշխանությանը չի ասում այսօր, վաղը կամ առհասարակ պատերազմ հայտարարի, բայց կարելի է չէ գոնե լռել` անհարկի բարոյալքության և անզորության ուղերձներ հասարակությանը չհաղորդել:
Թե՞ հենց նպատակն էլ դա է: Այո´, դա է:
Ադրբեջանն արդեն մեկ շաբաթ է` ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, որոնց համար լսելի են ադրբեջանական կրակահերթերը, իսկ իշխանությունը մի բութ պատճառաբանություն է մտածել` ձայն չհանենք, ցույց տանք, որ բան չի եղել, չարձագանքենք, որ հանկարծ սադրանքի առիթ չտանք:
Թե չէ եթե մտքներին կա մի բան անեն` չեն կարողանում առիթ գտնել կամ հնարել: Հայաստանյան իշխանության քաղաքական վարքագիծն Ադրբեջանին նոր արկածախնդրության է մղում», - գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք ուղղված չեն Հայաստանի տարածքին: Պաաշտպանական գերատեսչությունը նման հայտարարություն էր հրապարակել՝ հաշվի առնելով համացանցում սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ հրապարակումների և տեսանյութերի տարածումը։