Արմինֆո. Լայպցիգի Ֆրիդրիխ Էբերտ Շտրասե 27 հասցեում գտնվող շենքում տեղի է ունեցել հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հուշատախտակի հանդիսավոր բացումը: Հենց այս հասցեում է նա ապրել Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին։
Հուշատախտակի վրա այդ փաստից զատ տեղեկություններ են ներկայացված այն մասին, որ Իսահակյանը Յոհաննես Լեփսիուսի և Յոզեֆ Մարկվարտի հետ հիմնել են հայ-գերմանական ընկերություն:
Հատկանշական է, որ այս հուշատախտակի վրա տեղադրված է սև տուֆ՝ որպես Հայաստանի խորհրդանիշ, որը շատ էր սիրում բանաստեղծը: Երևանում նրա տունը կառուցվել է հենց սև տուֆից։ Կա նաև QR կոդ, որը թույլ է տալիս դիտե Գերմանիայի հետ Ավետիք Իսահակյանի կապի մասին տեսահոլովակը։
Հուշատախտակի հեղինակներն են ճարտարապետ-դիզայներ Հակոբ Իսկուդարյանը և քանդակագործ Ռուբեն Նալբանդյանը:
Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Իսահակյանը:
Այդ նախաձեռնությունը հաջողվել է իրագործել Լայպցիգի քաղաքապետարանի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Լայպցիգի հայկական մշակութային միության և Երևանում Գյոթեի կենտրոնի հետ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցության շրջանակներում: