Արմինֆո. Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և որքան շուտ որոշում կայացվի փաստաթղթի ստորագրման ամսաթվի մասին, այնքան լավ։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին՝ Երեւանում Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ամփոփիչ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
"Այդ համաձայնագիրը շատ կարևոր է Հարավային Կովկասում կայունության և տևական խաղաղության հաստատման համար։ Դա կարևոր է նաև տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Եվ մենք հույս ունենք, որ առկա հարցերը շուտով կլուծվեն, և համաձայնագիրը կստորագրվի", - ասել է դիվանագետը։
Խոստովանելով տարածաշրջանում իրավիճակի սրման համար ռիսկերի առկայությունը՝ Արաղչին հույս է հայտնել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը թույլ կտա նվազագույնի հասցնել այդ սպառնալիքները։
Միաժամանակ, իրանցի դիվանագետը խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե ինչ է պատրաստ ձեռնարկել Թեհրանը, եթե Ադրբեջանը փորձի ուժով միջանցք ստանալ Հայաստանի Սյունիքի մարզով:
Արաղչին հիշեցրել է, որ Իրանը հանդես է գալիս տարածաշրջանային խնդիրները երկխոսության և դիվանագիտության միջոցով լուծելու օգտին, և դեմ է ռազմական քայլերին՝ հակասությունները լուծելու համար: "Տարանցիկ ուղիները պետք է գործեն՝ հարգելով երկրների իրավասությունը, տարածքային ամբողջականությունը և օրենքները։ Դրանք ընդունելի են բացառապես այս տրամաբաանությամբ։ Որեւէ այլ ճանապարհ անընդունելի է", - եզրափակել է Արաղչին։