Արմինֆո. Մարտի 25-ին ռուս սահմանապահների մասնակցությամբ ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Մեղրի-Նռնաձոր ավտոճանապարհի 27 կմ հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը: Համանման ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ եւ քննիչներ: Հայտնի է դարձել նաև, որ Մեղրիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Իգոր Կոտովին, իսկ ՌԴ քաղաքացի 30-ամյա Ռոման Ալշիխինը տեղում մահացել է: Չի բացառվում, որ հայ քննիչներին միանան նաև նրանց ռուս գործընկերները։ Կայքի տեղեկություններով ՝ մահացածն ու տուժածը ծառայել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերում: