Արմինֆո. Ազգային ժողովի "Պատիվ ունեմ" խմբակցությունը չի մասնակցի օրենսդիր մարմնի առաջիկա նիստերին, որոնց ընթացքում նախատեսում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել իրենց կուսակից, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այդ մասին ասվում է խմբակցության տարածած հայտարարությունում։
«ՀՀ ԱԺ առաջիկա նիստերին օրվա կառավարիչների կողմից ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանի դեմ շուրջ յոթ տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական բեմադրված ներկայացմանը ֆրակցիան չի մասնակցելու։
Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար գործիք դարձած ՀՀ իրավապահ համակարգի գործողությունների քաղաքական գնահատականները տրված են ՀՀԿ Գործադիր մարմնի սույն թվականի մարտի 12-ի և մի շարք այլ հայտարարություններում», - ասվում է ընդդիմադիր խմբակցության հայտարարությունում։
Ավելի վաղ Մարգարյանի պաշտպանական կողմը հաղորդել էր, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել խորհրդարան ՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Մարգարյանի դեմ քրեական գործ է հարուցվել 2018 թվականի օգոստոսին։ Երեքուկես տարի շարունակ անհասկանալի դանդաղկոտությամբ իրականացված քննության արդյունքներով՝ 2021 թվականին Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։ Նշված քրեական գործը, որը պատգամավորը չի ճանաչել, դատարան է ուղարկվել 2022 թվականին և ներկայումս քննվում է: "2025 թվականի մարտին նույն քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմնի և դատախազության մոտ առաջանում է մի հանճարեղ միտք առ այն, որ պարոն Մարգարյանը նույն փաստական տվյալների և նույն իրողությունների պայմաններում ոչ միայն չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այլև իրականացրել է փողերի լվացում։ Այս մասով հարկ է նշել, որ սույն քրեական գործով առկա ապացույցները լիովին և ամբողջությամբ նույնն են, ինչ դատարանում քննվող քրեական գործում առկա ապացույցները՝ 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում այդ գործով որևէ նոր ապացույց ձեռք չի բերվել։ Այս պայմաններում տեղին է հիշել ՀՀ Սահմանադրությամբ և քրեական օրենսգրքով ամրագրված՝ նույն արարքի համար անձին կրկին քրեական պատասխանատվության ենթարկելու բացարձակ արգելքի մասին", - հայտարարել է Մարգարյանի պաշտպանությունը։