Արմինֆո. Չնայած Երևանի փողոցներում ծառերի կենսունակության վերաբերյալ տարբեր հարթակներում հնչած փորձագիտական կարծիքներին՝ Երևանի քաղաքապետարանը շարունակում է համառորեն հավաստիացնել, որ կատարվում են բացառապես դեֆորմացված, հիվանդ և հին ծառերի հատումներ:
Մասնավորապես, քաղաքապետարանի հերթական աշխատանքային նիստում "Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն" ՊՈԱԿ-ի պետ Արմեն Բեգոյանը տեղեկացրել է, որ մարտի 20-ից Թումանյան փողոցում կատարվել է կենսունակությունը կորցրած 80 ծառի հատում: Ըստ նրա, հիմնականում, հեռացվել են թեղիները։ Ընդ որում, տնկվել են 95 հուդայածառ, եւ եւս 34 - ը կտնկվեն մի փոքր ավելի ուշ։ Այսպիսով, ինչպես նշել է Բեգոյանը, Թումանյան փողոցում կլինի, ընդհանուր առմամբ, 60 ծառով ավելի, քան նախկինում էր։
Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ մինչեւ ապրիլի 10-ը, գուցե ավելի վաղ, պայմանավորված եղանակային բարենպաստ պայմաններով, ծառերի սանիտարական էտում կիրականացվի Երեւանի 300 բակերում, 19 զբոսայգիներում եւ 18 փողոցներում ու պողոտաներում:
Հիշեցնենք, որ 2023 թվականից Երևանի քաղաքապետարանը ծառերի փոխարինման ծրագիր է իրականացնում, հատկապես, քաղաքի կենտրոնում։ Իշխանությունները այս նախաձեռնությունը բացատրում են կենսունակության կորստի փուլում գտնվող ծառերը ավելի արժեքավոր ծառերով փոխարինելու անհրաժեշտությամբ: Իրականում, ըստ փորձագետների, քաղաքապետարանը էկոցիդ է կազմակերպել։ Մասնավորապես, 2024 թվականին քաղաքապետարանը Թումանյան փողոցում սկսել է առողջ ծառերի զանգվածային հատում՝ աշխատանքները շարունակելով 2025 թվականին և հատելով միանգամայն առողջ ծառեր։ Օրեր առաջ սոցիալական ցանցերի հայկական հատվածը ողողված էր մայրաքաղաքի ծառահատումների սարսափելի կադրերով։ Բացի այդ, մի քանի օր առաջ բլոգեր Էդուարդ Հայրումյանը հաղորդլ էր Երևանի բուսաբանական այգում առողջ կաղնիների զանգվածային հատման մասին: Նրա խոսքով՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում մոտ 30 կենսունակ կաղնի է հատվել ։