Արմինֆո. Ոչ ոք իրավունք չունի արցախցիներին զրկել վերադարձի իրենց օրինական իրավունքից և պնդել, թե Արցախն այլևս հայկական չէ: Այդ մասին մարտի 21-ին Ազատության հրապարակում "Հայաստանը մեր տունն է. վռնդենք նրան, ով քանդում է մեր տունը" կարգախոսի ներքո անցկացվող հանրահավաքում հայտարարել է "Միասին" շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
Շարժման քննարկման օրակարգում, ինչպես նշել Է Սարգսյանը, Արցախի ժողովրդի վերադարձի, նրանց իրավունքների պաշտպանության հարցերն են, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործողությունները: Այդ համատեքստում շարժման համակարգողը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում շատ քաղաքական ուժեր այսօր պասիվություն են ցուցաբերում երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, ինչը սխալ մոտեցում է:
Այդ առնչությամբ Սարգսյանը հաղորդել է հայ ժողովրդի առջև ծառացած արդի մարտահրավերները քննարկելու նպատակով կլոր սեղան հրավիրելու մտադրության մասին: Նա կոչ է արել իշխանափոխությամբ հետաքրքրված ընդդիմադիր ուժերին միանալ այդ քննարկմանը, որպեսզի համատեղ դիտարկեն շարժման նախաձեռնությունները և առաջարկեն իրենց հնարավոր լուծումները:
Միաժամանակ, Դեմոկրատական կուսակցության առաջնորդը մտավախություն է հայտնել, որ եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարի Ադրբեջանի պահանջները, և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի, դա կդիտարկվի որպես հրաժարում Արցախից, ինչը, նրա խոսքով, վտանգի տակ կդնի նաև Հայաստանը: Նա նշել է, որ դա այսօր երկրի առջև ծառացած ամենալուրջ խնդիրներից մեկն է:
"Հայաստանի ժողովուրդը գործ ունի մի մարդու հետ, որը չի ցանկանում մեր պետության գոյությունը։ Ստորագրահավաքի մեր նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում իշխանափոխության համար անհրաժեշտ շարժման ձևավորմանը։ Երբ հասարակությունը գիտակցի, որ միայնակ չէ եւ կիսում է մեկ գաղափարախոսություն, մենք կարող ենք հասնել փոփոխությունների", - նշել Է Սարգսյանը, հավելելով, որ շարժումն արդեն ստորագրահավաքի փորձ ունի եւ հավատում է այդ ճանապարհով իրական փոփոխությունների հնարավորության ։
Իր հերթին՝ "Միասին" շարժման ներկայացուցիչ Աննա Այվազյանը նշել է, որ արցախցիներին վերադարձնելու երկու ճանապարհ կա ՝ կամ ռազմական գործողությունների միջոցով, կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերականգնելու միջոցով: Նա նաև մատնանշել է երրորդ ճանապարհը ՝ իշխանափոխությունը։ Նրա խոսքով ՝ Հայաստանում ճիշտ ղեկավարությունը կարող է պայմաններ ստեղծել այդ խնդրի իրականացման համար ։
Հիշեցնենք, որ "Միասին" այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը ներկայացրել է Հայաստանում իշխանափոխության իր հայեցակարգը և պահանջել է պաշտպանել արցախցիների իրավունքները: Շարժումն իր դիրքորոշումը ներկայացրել է մարտի 20-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած մամլո ասուլիսում' "Հայաստանը մեր տունն է. վռնդենք նրան, ով քանդում է մեր տունը" կարգախոսով հանրահավաքին ընդառաջ: Ասուլիսի ընթացքում "Միասին" շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ընդգծել է, որ կազմակերպությունը մտադիր է երկու առանցքային հարց բարձրացնել:
"Նախ՝ արցախցիների ինքնորոշման իրավունքի հիման վրա վերադարձի և նրանց իրավունքների պաշտպանության հարցը, այդ թվում ՝ "40+10" հազար դրամ ֆինանսական աջակցության ծրագրի պահպանումը ։ Երկրորդ ՝ շարժումը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) առաջարկում է նախաձեռնել 200 000 ստորագրահավաք՝ գործող իշխանություններին անվստահություն հայտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար։