


Արմինֆո. Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան շարունակում է ընդլայնել համագործակցության շրջանակները, որի նպատակն է տարբեր կազմակերպությունների հետ համատեղ նախագծերի իրականացումը։ Այս անգամ Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Վարդան Ազատյանը կնքել են համագործակցության հուշագիր։
Համագործակցության շրջանակում համատեղ կիրականացվեն գիտակրթական և մշակութային ծրագրեր ու միջոցառումներ, կմշակվեն մշակութային ժառանգության ներկայացման ուղղությամբ նորարարական կրթական առաջարկներ, հուշանվերային հատուկ ընտրանի, ժամանցային ծրագրեր, ինչպես նաև թանգարաններում կկազմակերպվեն ուսանողների ուսումնաարտադրական և հետազոտական պրակտիկաները։
Հիշեցնենք, որ Մշակույթի զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին որոշումն ընդունվել էր 2024 թվականի փետրվարին կառավարության նիստում։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ հիմնադրամին կփոխանցվեն թանգարանների վարչատնտեսական, մարքեթինգային գործունեության հետ կապված գործառույթներ, ինչպես նաև հաշվապահական հաշվառման հետ կապված հարցեր: Հաջող գործունեության դեպքում կդիտարկվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության այլ կազմակերպությունների գործառույթները հիմնադրամին փոխանցելու հարցը:
Հիմնադրամի գործունեությունը նախատեսում է մշակույթի կառավարման արդյունավետ գործիքների ներդրում, մշակույթի ոլորտում գործող պետական կազմակերպությունների ֆինանսական ինքնուրույնության խթանում, ինչպես նաև ուղղված է ոլորտային ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը:



