Արմինֆո. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն Ադրբեջանի Միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել է համատեղ նիստ կազմակերպել ՝ քննարկելու խաղաղության պայմանագիրը և դրա վավերացման գործընթացի մանրամասները։
Ինչպես «Ֆեյսբուքի» իր էջում նշել է Խանդանյանը, «Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ, ինչը նշանավորում է փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտը։
«Կարևորելով մեր դերը՝ որպես ուղղակիորեն ժողովրդի կողմից ընտրված և նրանց շահերը պաշտպանելու պատասխանատվություն ստանձնած խորհրդարանականներ, մենք գիտակցում ենք, որ համաձայնագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից։ Որպես Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ` ես առաջարկել եմ իմ պաշտոնակցին՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովին, մեր գլխավորած հանձնաժողովների համատեղ հանդիպում անցկացնել։
Այս հանդիպումը հնարավորություն կստեղծի քննարկումներ ունենալ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ կարծիքների փոխանակման և դրա վավերացման գործընթացի շուրջ: Ավելին, այն հնարավորություն կտա քննարկելու խաղաղության գործընթացում խորհրդարանների դերին առնչվող հարցեր՝ խթանելով միջխորհրդարանական համագործակցության ապագայի շուրջ երկխոսությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական հարթակներում:
Այսպիսի նախաձեռնությունը կարող է լրացնել մեր երկրների կողմից ձեռնարկվող վստահության ամրապնդման այլ միջոցառումները և նպաստել տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Հուսով եմ, որ Միլի Մեջլիսի իմ պաշտոնակիցը դրական կարձագանքի, և կկարողանանք համաձայնեցնել հանդիպման օրը, վայրը և այլ անհրաժեշտ մանրամասները։ Որպես առաջին հանդիպման վայր՝ կարող ենք դիտարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող չեզոք տեղանք», - գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։