Արմինֆո.Ադրբեջանական կողմի բոլոր մեղադրանքները կեղծ են։ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ճեպազրույցում լրագրողներին այդպես է մեկնաբանել է ՀՀ ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունները:
Այդ առնչությամբ նա կարևորել է օրեր առաջ ԵՄ դիտորդական առաքելության և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հերքող հայտարարությունները: Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ մեր պաշտպանական գերատեսչությունը կարգադրություն Է ստացել պահպանել կայունությունը։ Իսկ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի դեպքում, ինչպես փաստել է Գրիգորյանը, Պաշտպանության նախարարությունը կպաշտպանի մեր հանրապետությունը։
Ընդ որում, նա հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է առաջ տանել խաղաղության օրակարգը, քանի որ խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածներն արդեն համաձայնեցված են։ <Եւ վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել և սկսել օրվա, տեղի և ժամի վերաբերյալ տեխնիկական քննարկումներ>, - ասել է Գրիգորյանը։
Նա նշել է, որ հայկական կողմը խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի վերաբերյալ կոնկրետ առաջարկություններով հանդես չի եկել, սակայն բաց է ադրբեջանական կողմի հետ դրա համաձայնեցման շուրջ քննարկումների համար: Այդ առումով ԱԽ քարտուղարը կարծիք է հայտնել, որ արդյունքում պետք է գտնվի "հավասարակշռված տարբերակ"։
Հարցին, թե ինչու հանրությանը չեն ներկայացնում խաղաղության պայմանագրի ամբողջական տեքստը, որի տակ պատրաստվում է ստորագրել Հայաստանի Հանրապետությունը, քանի որ այն համաձայնեցված է, Գրիգորյանը պատասխանել է, որ դա կարվի, երբ կողմերը համաձայնության գան ստորագրման օրվա և վայրի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին հանրությունը տեղեկացավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցումը ։ Մի քանի օր անց ադրբեջանական աղբյուրներից հայտնի դարձավ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամիի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում վերջինս հայտարարել էր, որ "խաղաղության համաձայնագրի ստորագրումը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի սահմանադրության մեջ, որոնք կվերացնեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, ինչպես նաև՝ վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը":-