Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ չխախտել հրադադարի ռեժիմը, ուղղակի բարոյահոգեբանական հարված է երկրի զինված ուժերին: Այդ մասին մարտի 20-ին հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ։
Նրա խոսքով, երկրի զինված ուժերն իրենց լիազորությունների շրջանակում մշտապես հերքում են, իբր, Հայաստանի կողմից հրադադարի խախտումների մասին ադրբեջանական կողմի լայնածավալ ապատեղեկատվությունը: "Այս ֆոնին՝ Փաշինյանի հանձնարարականը շատ անհարմար դրության մեջ է դնում երկրի ԶՈՒ - ին և սահմանին մարտական հերթապահություն իրականացնող ազատամարտիկներին", - ասել է ընդդիմադիրը:
Իր հերթին՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ վարչապետի այդ հանձնարարականը ինքն՝ անձամբ, ընդունել է մի փոքր այլ կերպ: "Հայաստանի զինված ուժերը միշտ պատրաստ են դիմակայել հակառակորդի գործողություններին, բայց տվյալ դեպքում խոսքը դրա մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ հայկական կողմը տեղի չտա ադրբեջանական կողմի սադրանքներին, ինչը բնական է, քանի որ մեր առջև շատ ավելի կարևոր նպատակներ են դրված, որոնց հասնելու համար անհրաժեշտ են զսպվածության նման կոչեր", - ընդգծել է հանձնաժողովի նախագահը, միաժամանակ հավելելով, որ նման զսպվածությունը չի նշանակում, որ ՀՀ զինված ուժերում նկատվում են բացթողումներ ։
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փինյանը Facebook-ի իր էջում գրել էր. "Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի":