Արմինֆո. Այն, ինչ անում է այս իշխանությունը, երկիրը նոր փորձությունների ենթարկելն է` հասարակությանը հուսահատության, պարտվողականության և անօգնականության ուղերձներ փոխանցելով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանը մի քանի օր շարունակ կեղծ տեղեկություններ է տարածում Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին, ինչը ՀՀ ՊՆ-ն օպերատիվ հերքում է:
Ու ի՞նչ է անում այդ ֆոնին Փաշինյանը: Տարօրինակ ստատուս է գրում այն մասին, որ ՊՆ-ին հստակ հանձնարարական է տվել` հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել, որովհետև Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի ճանապարհով:
Երրորդ կողմի համար կարող է տպավորություն ստեղծվել, որ կա´մ հայկական կողմից իսկապես խախտումներ են եղել և Փաշինյանը հանձնարարել է կանգնեցնել դրանք կա´մ Փաշինյանը ակնարկում է, որ վստահ չէ, որ բանակն իր քաղաքական կուրսի շրջանակներում կգործի և պնդում է իր հանձնարարականը:
Այն, որ հայկական բանակը հրադադարի ռեժիմը չի խախտել` համոզված եմ, բայց այն, որ փաշինյանական ստատուսներն ավելի խոցելի են դարձնում Հայաստանը` դրանում էլ առավել քան վստահ եմ:
Խաղաղություն չեն մուրում: Խաղաղության հասնում են ճիշտ բանակցային դիրքավորմամբ, դիվանագիտական գրագետ ու ճկուն քաղաքականությամբ, երկրում արդյունավետ կառավարման համակարգի գոյությամբ, անվտանգության անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ և պատերազմին մշտապես պատրաստ լինելով», - գրել է ԱԺ պատգամավորը:
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փինյանը Facebook-ի իր էջում գրել էր. "Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի":
Նշենք նաև, որ արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ՊՆ-ը հանդես է գալիս հայտարարություններով, թե, իբր, Հայաստանի զինված ուժերը խախտում են հրադադարի ռեժիմը, որոնց հերքումներով մշտապես հանդես է գալիս Հայաստանի ՊՆ-ը: Հայաստանի հասարակական հատվածում ձևավորվում է այն միտքը, որ Բաքուն իր գործողություններով հող է նախապատրաստում նոր զինված սադրանքի համար։