


Արմինֆո. Հայաստանի մայրաքաղաքի իշխանությունները աղբի խնդիրը ցանկանում են լուծել մասնավոր հատվածի հետ համատեղ։ Մարտի 18-ին Երեւանի ավագանու նիստում այդ մասին հայտարարել է քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը։
Նրա խոսքով, մասնավորապես, աշխատանք է տարվում աղբավերամշակման կայանի կառուցման ուղղությամբ։ Գործընթացն ընթանում է՝ հաշվի առնելով միասնական էկոհամակարգի ձևավորման անհրաժեշտությունը։ Ներկայումս, ինչպես նշել է Բաբայանը, պատրաստվում է ներդրումային ծրագիր, որի իրականացման նպատակով զուգահեռաբար բանակցություններ են ընթանում միջազգային դոնոր կառույցների հետ: Անհրաժեշտ է նաև երկխոսություն սկսել ՀՀ կառավարության հետ, որպեսզի ծրագիրը հավանության արժանանա և սկսի կյանքի կոչվել:
Ծրագրի հիմնական նպատակն է ձեռք բերել սանիտարական աղբավայր, որը տարբերվելու է ներկայինից: Նախատեսվում է, որ նոր աղբակայանի աշխատանքի արդյունքում կարտադրվի նաև էլեկտրաէներգիա։ Ծրագրի իրականացման նպատակով մասնավոր հատվածից ստացվել է 12 առաջարկ, որոնցից միայն 7-ն են լիովին համապատասխանում բոլոր պահանջներին: Նախատեսվում է, որ առաջիկայում կհայտարարվի կապալառուի ընտրության երկփուլ մրցույթ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ միայն նախորդ տարվա արդյունքներով հաջողվել է ձեռք բերել 14 նոր աղբահան մեքենա:



