Արմինֆո. Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը տիկնոջ՝ Էլկե Բյուդենբենդերի հետ մարտի 30-ից մինչեւ ապրիլի 2-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է Գերմանիայի նախագահի մամուլի ծառայությունը, սա Շտայնմայերի առաջին այցն է այդ երկրներ՝ որպես նախագահ:
"Հայաստանում դաշնային նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա կայցելի նաև "Թումո" տեխնոլոգիական կրթական կենտրոն և կմասնակցի մշակութային ընդունելությանը", - ասվում է հաղորդագրությունում:
Հայաստանում գտնվելու երկրորդ օրը դաշնային նախագահը կմեկնի Դիլիջան, որտեղ կշփվի հայ կին ձեռներեցների հետ և կծանոթանա քաղաքաշինական ծրագրին:
"Գերմանիայի նախագահը կայցելի Սևանա լճի եկեղեցի և Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն, որն աշխատում է Հելմհոլցի անվան բնապահպանական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ", - ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ Ադրբեջան այցի ընթացքում դաշնային նախագահը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կայցելի Բաքվի պատմական կենտրոն, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, ինչպես նաև զրուցելու է քրիստոնյա, մահմեդական և հրեա հոգևորականների հետ՝ հանդուրժողականության և կրոնների միջև փոխըմբռնման մասին: "Նա նաեւ կմասնակցի Ադրբեջանում կանանց վիճակին նվիրված կլոր սեղանին", - հաղորդել են Գերմանիայի նախագահի մամուլի ծառայությունից: