Արմինֆո. Եթե թույլ տանք Հայաստանի ներկայիս առաջնորդին շարունակել ներկա ընթացքը, դառնալու ենք Վայմար, ավելի ճիշտ՝ մյունխենյան Չամբերլին, ով Հիտլերի աչքերի մեջ նայեց ու տեսավ «խաղաղություն»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հետխորհրդային Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մի նայեք «խաղաղության համաձայնագրի» առթիվ օտար պետությունների խրախուսական խոսքին։ Ո՛չ այդ խոսքը, ո՛չ էլ բուն տեքստը կապ չունեն արժանապատիվ, տեւական եւ իսկական խաղաղության հետ։
Անարդարությունն ու անիրավությունը «օրինակարգող» որեւէ նման նախապայմանագիր բերելու է, առանց բացառության, հանձնվող կողմի ամբողջական կործանման եւ/կամ նոր պատերազմի ու տարատեսակ վերջնական կորուստների։
Նա, ով առանց լիազորության յուրացրել ու հեղինակազրկել է ուրիշին պատկանող «Նոր Հայաստան» մաքրամաքուր գաղափարը, հիմա էլ պղծում է «Իրական Հայաստանի» բուն իմաստն ու առաքելությունը։
Իրական Հայաստանը, նույնիսկ ամենադժվար հանգամանքում, հետապնդում եւ պաշտպանում է իր ազգային, պետական ու քաղաքացիական իրավունքները, ոչ թե դրանք միանձնյա զիջում, վաճառում կամ նվիրաբերում է: Զոր օրինակ՝
• Բռնազավթված Արցախի ժողովրդի ինքնորոշման ու վերադարձի երաշխավորված իրավունք.
• ռազմագերիների ազատ արձակման անմիջական իրավունք.
• սեփական Սահմանադրության ստեղծման եւ պահպանման, ուստիեւ սեփական ինքնիշխանությունն ու ամբողջականությունը բոլոր միջոցներով ապահովելու իրավունք.
• դատական եւ այլ եղանակներով՝ սպանված, խոշտանգված, գլխատված ու բռնաբարված քաղաքացիների կյանքի եւ քաղաքակրթական ոչնչացված ժառանգության համար անհատական ու հավաքական հատուցման, ինչպես նաեւ օտար ռազմական հանցագործներին ու ներքին դավաճաններին պատասխանատվության ենթարկելու իրավունք.
• սեփական պաշտպանությունն ու անվտանգությունը լիարժեք կյանքի կոչելու ինքնիշխան իրավունք.
• Մինսկի խմբի եւ այլ ատյաններով միջազգային-դիվանագիտական «սուբյեկտ» մնալու իրավունք:
Այս եւ այլ իրավունքների համապարփակ իրացումը հենց Իրական Հայաստանի սահմանադրական պարտքն ու պարտականությունն է։
Իսկ սա դեռ սկիզբն է։ Եթե թույլ տանք ներկա ընթացքը, դառնալու ենք Վայմար, ավելի ճիշտ՝ մյունխենյան Չամբերլին, ով Հիտլերի աչքերի մեջ նայեց ու տեսավ «խաղաղություն»։
Արդի Հայաստանում պատերազմի եւ ինքնախորտակման տանող հայտնի համաձայնագիրը խփվել է գոյութենական սպառնալիքի ներքո, եւ նույն միջազգային իրավունքի ուժով առ ոչինչ է։
Հարեւան, թե ոչ՝ այլ երկրները թող ինքնուրույն լուծեն իրենց բռնապետների հարցը, իսկ մեր փոքրիկի ժամանակը՝ վաղուց եւ հիմա, սպառվել է։
Իհարկե, նա կշարունակի թշնամասեր, թշնամական իր արշավները։ Բայց «վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան։ Ի գործ», - գրել է Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին պաշտոնական Երևանը հաստատել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի հետ բանակցությունների ավարտը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է.
«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։
Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանի Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ հայկական կողմն ընդունել է Բաքվի բոլոր առաջարկները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ: