Արմինֆո. Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության» համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի ֆոնին, երեկ Ադրբեջանի իրականացրած ապատեղեկատվության արշավը որոշակորեն փոթորկել է հանրությանը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Մի կողմից իշխանությունը ժողովրդին կեղծ սպասումներ է հրամցնում երկար սպասված խաղաղության մասին, իսկ դրան զուգահեռ, ադրբեջանական ոչ պաշտոնական խոսափողները ակտիվ գրում են նոր պատերազմի մասին:
Մեկ օրվա ընթացքում ադրբեջական 3 կեղծ հաղորդագրությունները Սյունիքի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումների մասին, եկան լրացնելու այն վարկածը, որ Ադրբեջանը ոչ թե խաղաղության, այլ նոր սադրանքների է նախապատրաստվում:
Հարց է առաջանում. իսկ ի՞նչ առիթ կա իրադրությունը սրելու և հնարավոր սադրանքներ հրահրելու համար:
Հիմնական խնդիրը «միջանցքի» թեման է, որն առանձնացվել էր «խաղաղության» համաձայնագրից և Ադրբեջանը փորձում է այս ուղղությամբ ճնշումները մեծացնել:
Սրան զուգահեռ, Ադրբեջանի համար շատ կարևոր է Հայաստանի վերջնական զինաթափումը, որը վերջին շրջանում առաջին պլան է բերվել և ձևակերպվում է անչափ վտանգավոր «ապառազմականացման» պահանջի ներքո:
Մեկ բան ակնհայտ է. Ադրբեջանը մինչև վերջ սեղմելու է օղակը` Հայաստանին «քամելու» և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու համար», - ընդգծել է պատգամավորը:
Նշենք, որ մարտի 16-ին ադրբեջանական կողմը օրվա ընթացքում երեք անգամ ՀՀ ԶՈՒ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու համար: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի այդ հաղորդագրությունները՝ դրանք որակելով ապատեղեկատվություն:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին պաշտոնական Երևանը հաստատել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի հետ բանակցությունների ավարտը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է.
«Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաստատում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։
Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանի Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»։