Արմինֆո. Պաշտոնական Փարիզը, Բեռլինը և Մադրիդը ողջունել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը: Նորությանն արձագանքել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը:
"Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը պետք է ճանապարհ հարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար", - նշել Է Մակրոնը Twitter-ի (X) հրապարակման մեջ:
Միեւնույն ժամանակ, Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Փարիզը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտի մասին հայտարարությունը և հուսով է, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի:
"Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը, հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պետք է թույլ տա Հարավային Կովկասին դառնալ խաղաղության, ինտեգրման եւ բաց սահմաններով համագործակցության գոտի՝ ի շահ տարածաշրջանի բնակչության", - ընդգծել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Գերմանիայի ԱԳՆ-ում նշել են, թե լուրն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են խաղաղության համաձայնագրի շուրջ, հույս է ներշնչում: "Տասնամյակներ տևած թշնամանքից և պատերազմից հետո այն փաստը, որ տևական խաղաղությունն այժմ հասանելի է, կարևոր է տարածաշրջանի համար և դրանից դուրս: Կոչ ենք անում երկու կողմերին ստորագրել խաղաղության համաձայնագիրը", - ասվում Է գերատեսչության թվիթերյան (X) միկրոբլոգում հրապարակված հաղորդագրությունում:
Իսկ Իսպանիայի ԱԳՆ-ում ողջունել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև համաձայնագրի մասին լուրը և հույս հայտնել, որ այդ հայտարարությունը կհանգեցնի երկու երկրների միջև վերջնական համաձայնագրի կնքմանը: "Իսպանիան վերահաստատում է իր հավատարմությունը Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը", - հավելել են նախարարությունում:
Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցումը։ Ընդ որում, Հայաստանի վարչապետը նշել է, որ առայժմ որոշված չէ պայմանագրի ստորագրման ժամանակը եւ վայրը։ Անդրադառնալովմնացած երկու կետերի բովանդակությանը, որոնք համաձայնեցվել են, Փաշինյանը հաղորդել է, որ դա երրորդ երկրների ուժեր չտեղակայելու և միջազգային հայցերից հրաժարվելու շուրջ պայմանավորվածություն է: