Արմինֆո. Այսպես կոչված «խաղաղության համաձայնագրում» պետք է լինեին Ադրբեջանի իշխանության կողմից միջազգային ատյաններում ՀՀ գանգատների կատարման, այլ ոչ թե դրանցից հրաժարվելու հարցեր: Այդ մասին հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«ՀՀ կառավարության ղեկավարը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն: Նա այդ հայտարարություններն անում է ՔՊ ղեկավարի իր նեղ շահերի գերակայությամբ` ի չարը գործադրելով ՀՀ վարչապետի կարգավիճակը:
Կառավարության ներկայիս ղեկավարն ինքն է հայտարարել. «Արցախի ժողովուրդն ինձ իրեն որևէ տեղ ներկայացնելու մանդատ չի տվել» (օրինակ` 05.02.2019թ. հարցազրույց): Առավել ևս, ՔՊ ղեկավարը չի կարող հարյուր հազարավոր մարդկանց զրկել իրենց համար ճակատագրական իրավունքներից:
Նա չունի նաև ՀՀ քաղաքացիներին և Հայոց սփյուռքին իրենց իրավունքների՝ պատմական նշանակության զանգվածային խախտումների համար պաշտպանության հնարավորությունից զրկելու իրավասություն:
Կառավարության ղեկավարը չունի հարյուր հազարավոր մարդկանց խախտված իրավունքներ վերականգնմանն ուղղված միջազգային դատական գործընթացները կանգնեցնելու իրավունք:
Բացի այն, որ կա իրավական արգելք, նման համազգային նշանակության հարցերի լուծմանը մասնակցությունը պահանջում է բարձր հանրային վստահություն կամ աջակցություն: Ակնհայտ է, որ ՔՊ ղեկավարը չունի նման վստահություն կամ աջակցություն, հետևաբար` նա չունի նման իրավունք», - գրել է Արման Թաթոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Նախօրեին Հայաստանի վարչապետը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտին, դա չափազանց կարևոր իրադարձություն է անվանել։ Անդրադառնալով մնացած երկու կետերի բովանդակությանը, որոնք համաձայնեցվել են, Փաշինյանը հաղորդել է, որ դա երրորդ երկրների ուժեր չտեղակայելու և միջազգային հայցերից հրաժարվելու շուրջ պայմանավորվածություն է: