Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած "իրական Հայաստանի" գաղափարախոսությունը ենթադրում է երկրի շրջափակում Թուրքիայով և Ադրբեջանով, ինչպես նաև՝ նրանց բոլոր պահանջների կատարում: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փորձագետ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ՝ ներկայացնելով այդ գաղափարախոսությունը բնորոշող մի քանի առանցքային թեզ:
«Ովքեր դեռ այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է իրենից ներկայացնում "իրական Հայաստան" ասված "գաղափարախոսությունն", ապա մի քանի թեզերով դա պարզ ներկայացնեմ։
- Մենք շրջափակված ենք Թուրքիայով եւ Ադրբեջանով եւ այս "իրողությունը" չենք կարող փոխել։
- Մեր ոչ հեռավոր նախնիները դա չեն հասկացել, չեն ցանկացել ապրել Թուրքիայի ու Ադրբեջանի կազմում, ապստամբել են ու պատժվել են։
- Մեր թշնամությունը թուրքերի հանդեպ օգտագործել են օտար ուժերն իրենց իմպերիալիատական նպատակների համար։
Դրա համար մենք պետք է ընկալենք այս "իրողությունն" ու անենք հակառակը, կատարենք նրանց բոլոր պահանջները.
- մոռանալ Ցեղասպանությունը, որի համար մենք ինքներս ենք մեղավոր, քանի որ անկախ պետականություն ենք ցանկացել,
- հրաժարվել Արցախից, ինչը գիտակցված կերպով արել է "Իրական Հայաստան" կառուցող գործող իշխանությունը,
- փոխել մշակույթը, պատմությսն դասագրքերը, ջնջել անցյալի գրականությունը, որոնք ներծծված են ազգայնականությամբ եւ հակաթրքությամբ,
- այս, թե այն ձեւակերպմամբ զիջել Սյունիքը, որը թյուրքական աշխարհի խոչընդոտն է, գուցե նաեւ Սևանի մի հատվածը:
Այս ամենն անելուց հետո, թուրքերը մեզ կխղճան, հիմնավոր պատճառ չեն ունենա մեզ հետ թշնամություն անելու եւ մենք ներկա Հայաստանի որոշ հատվածից կստանանք "Իրական Հայաստան" եւ, գուցե, կկարողանանք գոյություն պահպանել։
Սա մշակված թեզեր են, որի գաղափարախոսն է Ժիրայր Լիպարիտյանը, ՔՊ-ի, եւ ոչ միայն ՔՊ-ի, հոգևոր հայրը», - ընդգծել է քաղաքագետը։
Նշենք, որ մարտի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղոչդել էր, որ Հայաստանում տեղի է ունեցել "իրական Հայաստանի" գաղափարախոսության նախագծի առաջին քննարկումը, որը, նրա ասելով, չափազանց արդյունավետ էր և բովանդակալից։
Հիշեցնենք, որ "իրական" և "պատմական" Հայաստանի առճակատման գաղափարն առաջին անգամ Փաշինյանն առաջ է քաշել 2024 թվականի ապրիլի 10-ին երկրի խորհրդարանում, հայտարարելով, որ "պատմական" և "իրական" Հայաստանը անտագոնիստներ են և լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։