Արմինֆո. Եվրոպական խորհրդարանում այսօր քննարկվող բանաձևը փաստացի Ռուբեն Վարդանյանի ուղերձի արձագանք է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանը՝ շնորհակալություն հայտնելով բանաձևի հեղինակներին։
«Բանաձևով արձանագրվում է, որ գերիները ենթարկվում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, հոգեբանական ճնշման, չեն երաշխավորվում անկախ իրավական ներկայություն։
Ի թիվս այլ պահանջների, բանաձևով պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։
Կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ։
Բանաձևով կոչ է արվում Մարդու իրավունքների հարցով ԵՄ հատուկ ներկայացուցչին՝ հանդիպել գերիներին, պահանջվում է Բաքվում ԵՄ երկրների դեսպաններին ներկա գտնվել կեղծ դատավարությանը և վերահսկել այն։
Այս կարևոր բանաձևը ընդունելու կապակցությամբ նամակներ ենք ուղարկել Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին՝ կոչ անելով կողմ քվեարկել բանաձևին», - նշել է Թանդիլյանը։