Արմինֆո. Շվեյցարիայի Կանտոնների խորհուրդը մարտի 18-ին կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով հրավիրելու վերաբերյալ բանաձևը: Այդ մասին հաղորդում է Արցախի խորհրդարանը։
Արցախի օրենսդիր մարմինը հիշեցնում է, որ 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Դաշնային խորհուրդը, ընդունել է բանաձև, որով կառավարությանը կոչ է արել կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։
«2025 թ․ մարտի 18-ին մեզ համար շատ կարևոր այս հարցը քննարկվելու է Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում՝ Կանտոնների խորհրդում։
Այդ առիթով՝ քննարկման նախաշեմին՝ մարտի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի դեսպանատան առջև (հասցե' Մելիք Ադամյան 2) կազմակերպվելու է հավաք, որի ժամանակ շնորհակալություն ենք հայտնելու Շվեյցարիայի խորհրդարանին ստորին պալատի կողմից ձեռնարկված քայլերի համար և կոչ ենք անելու վերին պալատին ևս ընդունել բանաձևը, ինչպես նաև դիմելու ենք Շվեյցարիայի կառավարությանը օգտագործել չեզոք միջնորդի իր փորձված դերը բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու հարցում», - ասվում է Արցախի խորհրդարանի հայտարարությունում։