
Արմինֆո. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գնում է կեղտոտ ճանապարհով մեծ սադրանքի` փորձ անելով Հայաստանի հավաքականի ֆան շարժումների հասանելիք տոմսերը մեր ընտրանու առաջիկա սկզբունքային խաղին դարձնել առևտրի կամ սակարկման առարկա։ Այդ մասին ասվում է «Առաջին հայկական ճակատ» (FAF) ֆան շարժման տարածած հայտարարությունում:
«Այս պահին մարզադաշտի տոմսարկղից պատասխանում են, որ անհայտ է ֆան շարժումների տոմսերի ճակատագիրը։ Սա այն պարագայում, երբ մրցակցի` Վրաստանի հավաքականի երկրպագուների հետ շփումների արդյունքում պարզ է դառնում, որ իրենց ֆան շարժմանը տրվել է ամբողջ հյուրերի սեկցիան շուրջ 900 տեղ, նաև լրացուցիչ շուրջ 1500 տեղ հյուրերի սեկցիայի հարևանությամբ, իսկ ընդհանուր առմամբ վրացի երկրպագուների կողմից երևանյան խաղի համար կա տոմսերի մի քանի հազարի հասնող պահանջարկ, որի արդյունքում սպասվում է յուրաքանչյուր տրիբունայում բացմաթիվ վրացի երկրպագուների ներկայություն՝ սև շուկայից ձեռք բերված տոմսերով։
Այսինքն մարզադաշտում սպասվում է մրցակից թիմի բացարձակ ռեկորդային ներկայություն, ինչի արդյունքում ողջ խաղի արդյունքում լսվելու են մեծամասամբ վրացի երկրպագուների ձայները, մեր ընտրանու ֆուտբոլիստները չեն զգալու, որ սեփական մարզադաշտում են խաղում, ավելի տխուր և ոչ արժանապատիվ պատկեր հնարավոր չէ պատկերացնել։
Ֆան շարժումների տոմսերը չտրամադրելով ՀՖՖ-ն կանցնի հնարավոր բոլոր կարմիր գծերը` զոհաբերելով հավաքականը հանուն աթոռից կառչելու հերթական փորձի։
Այս գործելաոճը բնութագրում է նրանց վերաբերմունքը ազգային հավաքականին և մեր ընտրանու արդյունքներին։
Եթե ՀՖՖ-ն որոշում կայացնի ֆան շարժումների սեկցիաների տոմսերը մասնակի կամ ամբողջական հանել ազատ վաճառքի, Վրաստանի դեմ խաղի հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ՀՖՖ ղեկավարության ուսերին», - ընդգծվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից կրած պարտությունից հետո պաշտոնանկ է արվել թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը: Սակայն երկրպագուները սկսել են պահանջել նաև ՀՖՖ-ի նախագահի հրաժարականը ՝ դժգոհություն հայտնելով ոչ միայն տարբեր տարիքային խմբերի ֆուտբոլային թիմերի անբավարար արդյունքներից, այլև, ընդհանրապես, ֆեդերացիայի գործունեությունից: Չնայած դրան՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը պահանջին պատասխանել է հրաժարականի պահանջի մերժմամբ: Այս տարվա փետրվարին վերսկսվել են ֆան-շարժումների բողոքի ակցիաները ՝ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով։ Մարտի 1-ին երեք օրով ձերբակալվել էին FAF-ի 9 անդամներ՝ Փյունիկ-Արարատ ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած ակցիայի համար։ Նրանց մեղադրել են խուլիգանական գործողություններ կատարելու համար։