Արմինֆո.Պատերազմներով ուղեկցվող համաշխարհային վերադասավորումները, միջազգային ինստիտուտների և միջազգային իրավունքի, ինչպես նաև զսպման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը անվտանգային մարտահրավերներ են Հայոց պետականության լինելիությանն ու հայկական համայնքների կենսունակությանը։ Այդ մասին ասվում է ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովի հայտարարությունում, որի տեքստը ներկայացրել է ՀՅԴ բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը՝ մարտի 10-ին կայացած մամուլի ասուլիսում:
«ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովը գումարվեց Հայաստանի Հանրապետության և ողջ հայության համար աշխարհաքաղաքական և ներազգային լրջագույն մարտահրավերների, Արցախի Հանրապետության բռնազավթման, Արցախում տեղի ունեցած ցեղասպանության, Հայոց պետականության դեմ ուղղված գոյութենական սպառնալիքների ժամանակահատվածում։
Պատերազմներով ուղեկցվող համաշխարհային վերադասավորումները, միջազգային ինստիտուտների և միջազգային իրավունքի, ինչպես նաև զսպման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը անվտանգային մարտահրավերներ են Հայոց պետականության լինելիությանն ու հայկական համայնքների կենսունակությանը։
44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում խախտված ռազմաքաղաքական հավասարակշռությունը, Ադրբեջանի շարունակական ռազմատենչ նկրտումներն ու ՀՀ իշխանությունների որդեգրած խաղաղության կեղծ օրակարգը անվտանգային նոր սպառնալիքներ են ստեղծում։
Ինչպես թուրք-ադրբեջանական տանդեմի, այնպես էլ ՀՀ վարչախմբի համար առաջնային թիրախ են ազգային ինքնութենական արժեքներն ու ազգային գաղափարախոսություն կրող ուժերը։
Հայաստանի անվտանգային և կառավարման ճգնաժամը, ներազգային թշնամանք հրահրելու և Սփյուռքը պառակտելու իշխանության քայլերը խորացնում են հանրային հուսալքությունը։
Քննելով իրավիճակը ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովը հաստատեց․
Մրցունակ, նոր որակի ազգային պետության կառուցումը և հայկական ինքնության պահպանումը ՀՅԴ-ն հռչակում է ռազմավարական նպատակ և հայտարարում է պայքարի վճռական հանգրվանի մասին։
Ըստ այդմ սահմանվում են ռազմավարական հետևյալ առաջնահերթությունները.
Հայոց անկախ պետականության հզորացում, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնում, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կերտում՝ Անկախության հռչակագրի տառին և ոգուն համապատասխան;
Արցախի ազատագրման օրակարգի շուրջ համազգային համախմբում, միջազգային իրավաքաղաքական երաշխիքների գործադրումով՝ արցախահայության հավաքական վերադարձի և հիմնարար մյուս իրավունքների իրացում;
Հայոց բանակի, պաշտպանության և անվտանգության համակարգերի ամրապնդում;
Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման իրավունքի հետապնդում;
Ազգային և պետական շահերի վրա կառուցված, անվտանգային սպառնալիքները հաղթահարող արտաքին քաղաքականության որդեգրում;
Սփյուռքի կազմակերպական հզորացում, համահայկական օրակարգերի շուրջ ազգային և քաղաքական համախմբում։
Միաժամանակ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը հաստատեց.
ՀՀ իշխանությունների որդեգրած ապազգային և ապապետական ընթացքը կասեցնելու, Հայրենիքի անվտանգությունը երաշխավորելու, կենսունակ հայկական պետություն ունենալու, սոցիալական արդարություն հաստատելու, ներազգային համապարփակ ճգնաժամը հաղթահարելու և ՀՅԴ ռազմավարական նպատակները իրագործելու անհրաժեշտ պայմանը իշխանափոխությունն է:
ՀՅ Դաշնակցությունը լի է վճռականությամբ և պատրաստակամ է պետականության և ազգային ինքնության պահպանման ու զարգացման օրակարգի շուրջ գոյացնել համազգային համախմբում»։
Հիշեցնենք , որ մարտի 6-ին Ծաղկաձորում աշխատանքն է ավարտել ՀՅԴ 35-րդ ընդհանուր համագումարը, նիստի արդյունքում ընտրվել է ՀՅԴ բյուրոյի նոր կազմը: Նրա կազմում են Արմեն Ռուստամյանը, Լիլիթ Գալստյանը, Տարոն Տոնոյանը,Արսեն Համբարձումյանը, Սևան Դանիելյանը, Խաժակ Մկրտչյանը, Տարոն Տեր-Խաչատուրյանը, Հովսեփ Տեր - Գևորգյանը, Մուրադ Փափազյանը, Հակոբ Բագրատունին, Րաֆֆի Տոնապետյանը: ՀՅԴ նորընտիր Բյուրոն Արմեն Ռուստամյանին ընտրել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ: