Արմինֆո.Օրեր առաջ խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Հայաստանի ատոմային էլեկտրակայանից։
Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, մարտի 6-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հայաստանի ատոմակայանի վարչական տարածքի պահեստներից մեկից գողացել են պղնձից, նիկելից և երկաթից պատրաստված խողովակներ։
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցները տեղում պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և գողությունը տեղի է ունեցել փետրվարի 18-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում, ատոմակայանին էլ պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով «պետական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Առայժմ անհասկանալի է մնում միայն այն հարցը, թե ինչպես է դուրս բերվել գույքը կայանի տարածքից, որտեղ գործում է ստուգման հատուկ խիստ հսկողություն: