Արմինֆո. Գեներալ Դավիթ Մանուկյանի կյանքի ու հատկապես մարտական ծառայության տարբեր դրվագները որևէ կասկած չէին թողնում, որ նա իրեն բոլոր իրավիճակներում արժանապատիվ կդրսևորեր: Այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Դժվար է բառեր, ձևակերպումներ ընտրել, որոնք ամբողջության մեջ կներկայացնեն Մանուկյանի անցած մարտական ուղին և տարբեր ժամանակներում դրսևորած վճռականությունը, որովհետև նա հիմա էլ գտնվում է Բաքվի բանտում և ցանկացած թեմա կարող է օգտագործվել վերջինիս դեմ:
Կեղծ դատավարության ընթացքում նրա դրսևորած կեցվածքն ու ցուցմունքներն այն նվազագույնն են, որոնք բնութագրում է Դավիթի սկզբունքայնությունն ու հաստատակամությունը: Ազատությո՛ւն Դավիթ Մանուկյանին և Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին», - գրել է պատգամաաավորը՝ Facebook-ի իր էջում:
Նշենք, որ Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը նախօրեին "ցուցմունք" է տվել Բաքվի դատարանում: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա հաստատել է իր մասնակցությունը արցախյան առաջին և երկրորդ պատերազմներին ։ Մանուկյանը նաև հաղորդել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իր մեքենան խոցվել է "Բայրաքթար" ԱԹՍ-ով, վարորդը վիրավորվել է, սակայն ինքը չի տուժել, քանի որ գտնվել է մեքենայից 20 մետր հեռավորության վրա: Նշվում է, որ Մանուկյանն, իբր, հայտարարել է, թե իր մոտ եղած հրազենը, որը հետագայում հայտնաբերվել է իր տանը, գրանցված է եղել ՀՀ ոստիկանության վարչությունում: