


Արմինֆո. ՀԱՊԿ-ը Երևանի հետ աշխատանքային շփումներ է պահպանում։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ "Իզվեստիա"-ի հարցազրույցում։
"Մենք Երևանի հետ աշխատանքային շփումներ ենք պահպանում։ Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից, կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ պահպանվում են։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության մասին ազդակներին, փոխհարաբերությունների ձեւաչափը չի փոխվել եւ մնում է նախկինը", - ասել է Տասմագամբետովը՝ ի պատասխան հարցին, թե արդյոք վերջին շրջանում Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության մասին ազդակներ չեն ստացվել:
Հիշեցնենք, որ Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ շրջանակում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները ՀՀ-ի հանդեպ, ինչը չէր կարող անհետևանք մնալ։ 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։



