Արմինֆո.Հայաստանի ազգային ժողովը մարտի 5-ի լիագումար նիստում վավերացրել է միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին կոնվենցիաները:
Միջազգային-իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ներկայացնելով փաստաթղթերը վավերացման, նշել է, որ կոնվենցիաներն ընդունվել են Հաագայում 1899թ. հուլիսի 29-ին և 1907թ. հոկտեմբերի 18-ին, ինչը հիմք է հանդիսացել միջնորդ դատարանի մշտական պալատի ստեղծման համար, որը միջազգային կազմակերպություն է' հարթակ տրամադրելով պետությունների, միջկառավարական կազմակերպությունների և անհատների միջև վեճերի խաղաղ կարգավորման համար' արբիտրաժի միջոցով:
Կիրակոսյանը նշել է, որ իր ստեղծման օրվանից Դատարանը նշանակալի դեր է խաղում պետությունների և այլ միջազգային կազմակերպությունների միջև արբիտրաժային վեճերի կարգավորման գործում: Դատարանի կողմից մատուցվող ծառայությունները չեն սահմանափակվում վեճերի լուծման արբիտրաժով, այլ կարող են ներառել նաև փաստահավաք առաքելություններ, անդամ պետություններին վարչական օգնություն, փաստաթղթերի կառավարման միջնորդություն և արխիվացման ծառայություններ:
Այն նաև տրամադրում է իր տարածքները և ծառայությունները այլ արբիտրաժային կառույցների շրջանակներում վեճերի կարգավորման գործընթացների իրականացման համար: Բացի այդ, Դատարանը զբաղվում է բնապահպանական վեճերի կարգավորմամբ, ինչպես նաև վարչական աջակցություն է ցուցաբերում վեճերի կարգավորման գործընթացներին, որոնք իրականացվում են Էներգետիկ խարտիային կամ ՅՈՒՆՍԻՏՐԱԼ արբիտրաժային կանոնակարգին համապատասխան:
Ներկայումս 122 պետություններ հանդիսանում են մեկ կամ երկու կոնվենցիաների մասնակից (ներառյալ Կոսովոն և Պաղեստինը): 1899 թվականի կոնվենցիան վավերացվել է 74 պետությունների կողմից, իսկ 1907 թվականի կոնվենցիան՝ 114 պետությունների կողմից: Միջնորդ դատարանի մշտական պալատի անդամ յուրաքանչյուր պետություն կարող է նշանակել մինչեւ չորս արբիտրների ՝ 6 տարի ժամկետով, որոնց լիազորությունների ժամկետները կարող են երկարաձգվել:
Զեկուցողը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կողմից Հաագայի կոնվենցիաների վավերացումը և, համապատասխանաբար, Դատարանին անդամակցելը կարևոր է նրա միջազգային հեղինակության բարձրացման տեսանկյունից: Անդամակցությունը կարևոր է նաև Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային գրավչության բարձրացման համատեքստում: Հայաստանի տարեկան անդամավճարը կկազմի մոտ 2 հազար եվրո։