Արմինֆո.ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունման հետաձգումը կապված չէ առկա աշխարհաքաղաքական իրավիճակի հետ:
"Ոչինչ, բացի՝ տեխնիկականից", - մարտի 4-ին հայտարարել է նա լրագրողներին՝ անդրադառնալով հետաձգման պատճառներին։
Ալեն Սիմոնյանի հավաստմամբ՝ կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը որոշում է կայացրել «կողմ» քվեարկել եւ կանի դա։
Միևնույն ժամանակ, նա կոչ է արել զուգահեռներ չանցկացնել օրինագծի քննարկումը հետաձգելու ՔՊ-ի որոշման և հնարավոր աշխարհաքաղաքական տեղաշարժերի, մասնավորապես, ԵՄ-ի շուրջ իրավիճակի միջև՝ Թրամփ-Զելենսկի իրարանցման ֆոնին:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 12-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է "Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին" օրենքի նախագիծը, որի ընդունմանը կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ ՝ 7-ը: Ընդդիմությունը՝ ի դեմս "Հայաստան" խմբակցության, քվեարկությանը չի մասնակցել, իսկ մյուս ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցությունը դեմ է քվեարկել: Սակայն նախօրեին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստի ընթացքում որոշում է կայացրել հետաձգել օրինագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ: Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը վստահեցրել է, որ օրինագծի ընդունման վերաբերյալ կառավարող ուժի դիրքորոշումը չի փոխվել, և ընդգծել է, որ ձգձգումը տեխնիկական բնույթ է կրում ՝ քվեարկությունը կկազմակերպեն սեղմ ժամկետներում: Նա չի համաձայնել լրագրողների այն կարծիքին, որ հետաձգման պատճառ կարող են լինել աշխարհաքաղաքական իրադարձությունները։