Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Թենիսի ակադեմիայի շինարարությունն սկսել արդեն 2025 թվականին: Այդ մասին հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։
Չներկայացնելով տվյալ նախագծում ներդրումների վերաբերյալ որևէ մանրամասն՝ նա նշել է, որ վերջինս մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ իրականացվելու է Հաղթանակ զբոսայգու հարակից տարածքում (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան):
Հիշեցնենք, որ Հայաստանի մայրաքաղաքում Թենիսի ակադեմիա կառուցելու ծրագրերի մասին հայտարարվել էր դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին՝ քաղաքապետարանի աշխատանքային նիստում: Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը տեղեկացրել էր, որ ակադեմիայի տարածքում նախատեսվում է կառուցել թենիսի 6 բաց և 4 փակ կորտեր: Ակադեմիայի տարածքը եւ հանդիսատեսի տեղերի քաանակը, ինչպես այն ժամանակ նա նշել էր, թույլ կտան Երևանում անցկացնել միջազգային մակարդակի մրցաշարեր։
Խոսելով 2025 թվականի ծրագրերի մասին՝ Արմեն Փամբուխչյանը նաև տեղեկացրել է, որ 5.2 մլրդ դրամ քաղաքապետարանը կուղղի բակերի բարեկարգման ծրագրերին: Մասնավորապես, աշխատանքներ են տարվելու 115 բակերում, որոնցից 30-ի տարածքներում կլինեն ֆուտբոլի դաշտեր։ "Հուսով ենք, որ դա ապագայում կազդի Հայաստանում ֆուտբոլի զարգացման վրա", - ասել է փոխքաղաքապետը: Բացի այդ, նա հաղորդել է, որ 2025 թվականին կշարունակվեն նաև զբոսայգիների բարեկարգման և հանրային տարածքները քաղաքացիներին վերադարձնելու աշխատանքները։