Արմինֆո.Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում որևէ դիտորդական առաքելության մասին չի հիշատակվում, կա միայն երրորդ ուժերի ներկայության մասին ընդհանուր ձևակերպում։ Այդ մասին փետրվարի 28-ին Եղեգնաձորում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
"Դա կարող է վերաբերել նաև Եվրամիությանը, բայց խաղաղության համաձայնագրում կոնկրետ ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որևէ հիշատակում չկա ", - ասել է նա:
Անդրադառնալով խաղաղության շուրջ բանակցություններին՝ նա կրկին հիշեցրել է, որ 17 հոդվածներից 15-ը համաձայնեցվել են տքնաջան աշխատանքի արդյունքում, իսկ վերջին 2-ի վերաբերյալ դեռևս չի հաջողվել հասնել հաջողությունների:
"Հայաստանը շարունակելու է աշխատել այդ երկու հոդվածներն ավարտելու ուղղությամբ։ Այս պահին քննարկումներ ենք անցկացնում, և երբ պատրաստ լինենք, կուղարկենք մեր պատասխանը", - նշել է նա։ Պաշտոնյան նաև հիշեցրել է, որ խաղաղության պայմանագրի նախագծում եղել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին կետը, սակայն հետագայում այն հանվել է: